Թբիլիսին կյանքի որակով 187-րդ տեղում է․ Mercer

Աշխարհի 231 քաղաքների շարքում կյանքի որակով Թբիլիսին 187-րդ տեղում է։ Այս մասին վկայում են Լոնդոնում գործող Mercer խորհրդատվական ընկերության ամենամյա զեկույցի տվյալները:

Վրաստանի մայրաքաղաքը նախորդ տարվա համեմատ 17 նիշով բարելավել է դիրքերը․ 2017-ին կյանքի որակով Թբիլիսին 204-րդ տեղում էր։ Mercer-ի զեկույցի տվյալները փոխանցում է Forbes-ի վրացալեզու հրատարակչությունը։

Բրիտանացի մասնագետները զեկույցը կազմելիս հաշվի են առնում մի շարք գործոններ՝  բնապահպանական վիճակ, աշխարհագրական դիրք ու կլիմայական պայմաններ, տնտեսական իրավիճակ, սոցիալ-քաղաքական միջավայր, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքների զարգացվածություն, հանգստի վայրեր, բնակչության կենսամակարդակ և այլն։

Աշխարհի ամենահարմարավետ քաղաքների թվում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, որն արդեն 9 տարի անընդմեջ գլխավորում է զեկույցը։ Զեկույցը եզրափակում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։

Նյութի աղբյուրը՝ imedinews.ge

Թողնել պատասխան