Իրակլի Կոբախիձեի տարեկան զեկույցը. ինչ հիմնական թեմաներ են քննարկվել

Հաղթահարված կոռուպցիա, մինչև 2029 թվականը վերացված աղքատություն, Միացյալ Նահանգների հետ «մաքուր էջից» սկսվող գործընկերություն և այլն. «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ամփոփել է «Վրացական երազանք»-ի կառավարության անցած տարին։

Հունիսի 26-ին Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ և ամփոփել վերջին մեկ տարին՝ որակելով որպես «բեկումնային» Վրաստանի գործող կառավարության համար։ Նա նշել է, որ «երկրում աղքատությունը նվազել է, կոռուպցիան՝ հաղթահարվել, իսկ խաղաղությունը՝ պահպանվել», ինչն արժանացել է խորհրդարանական մեծամասնության բուռն ծափահարություններին և խորհրդարանական ընդդիմության քննադատությանը։

Կոբախիձեի զեկույցին, պատգամավորներից և կառավարության անդամներից բացի, ներկա է եղել նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը։

Իրակլի Կոբախիձեն կառավարության գլխավոր ձեռքբերումներից է համարում «վերին էշելոններում» կոռուպցիայի հաղթահարումը. նա իր զեկույցը սկսել է հենց այդ թեմայով՝ նշելով, որ իրենք հասել են այդ նպատակին։

Նրա խոսքով՝ «ներքին կոռուպցիան» ներսից քայքայում էր համակարգը, սակայն «դրա դեմ պայքարում մենք անզիջում գտնվեցինք և ապագայում նույնպես շարունակելու ենք նույն կերպ»։

Կոռուպցիոն վերջին խոշորագույն գործերից մեկը կապված էր «Վրացական երկաթուղու» հետ. հունիսի 16-ին պատասխանատվության ենթարկվեց գերատեսչության նախկին ղեկավար Դավիթ Փերաձեն և ևս 7 անձ։ Մայիսի վերջին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվեց Պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեն (նրա նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին նույնպես անազատության մեջ է կաշառք ստանալու մեղադրանքով)։ Ավելի վաղ, առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման համար։

 «Աղքատությունը կվերանա 2029 թվականին»

«Թվերն ամեն ինչ ասում են, և ես ձեզ կհայտնեմ, թե ինչպիսի արդյունքներով է ավարտվել անցած տարին մեր երկրի համար»․ այսպես է Կոբախիձեն սկսել իր զեկույցի այն հատվածը, որտեղ խոսել է երկրի տնտեսական աճի մասին, և ելույթի այս հատվածում նա բազմիցս արժանացել է գործընկերների ծափահարություններին։

Նա նշել է, որ անցյալ տարի երկրի տնտեսությունն աճել է 7,5%-ով, և «Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի տնտեսությունը գերազանցել է հարյուր միլիարդ լարին՝ կազմելով 104 միլիարդ լարի»։

Այս համատեքստում Կոբախիձեն ուշադրություն է հրավիրել աղքատության կրճատման վրա և ասել, որ եթե այս տեմպերով շարունակեն, 2029 թվականին Վրաստանում աղքատություն այլևս չի լինի։

Ըստ այն վիճակագրության, որ նա ներկայացրել է խորհրդարանին, Վրաստանում դեռևս 280 հազար մարդ ապրում է աղքատության գծից ցածր։ Աղքատության մակարդակը 2025 թվականին կազմել է 7,1%։

«Այդուհանդերձ, միայն անցյալ տարի 90 հազար մարդ հաղթահարել է աղքատությունը»,- ասել է Կոբախիձեն։

Աղքատության պատճառով Վրաստանում կենսապահովման սոցիալական նպաստ էր ստանում 432 հազար 968 անձ, իսկ լրացուցիչ 212 հազար 952 սոցիալապես անապահով քաղաքացիների համար 4 տարի ժամկետով երաշխավորված էր սոցիալապես անապահովի կարգավիճակը (այս թվի մեջ մտնում են ինչպես պետական ծրագրերով աշխատանքի անցածները, այնպես էլ նրանց ընտանիքների անդամները)։

Վրաստանում սոցիալական օգնության համակարգը ծայրահեղ աղքատության մեջ գտնվող չափահաս քաղաքացիների համար նախատեսում է ամսական 30-ից 60 լարի կենսապահովման նպաստ։ Գումարի չափը կախված է ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից. ամենածանր պայմաններում գտնվող շահառուները ստանում են 60 լարի, իսկ համեմատաբար ավելի լավ (բայց դեռևս անապահով) վիճակում գտնվող ընտանիքների անդամները՝ 50, 40 կամ 30 լարի։ Ինչ վերաբերում է այն ընտանիքների երեխաներին, որոնց վարկանիշային միավորը 120 հազար 1-ից պակաս է, պետությունը յուրաքանչյուր մինչև 16 տարեկան երեխայի համար տրամադրում է 200 լարի ամսական նպաստ։

Հունիսի 26-ի իր ելույթում Կոբախիձեն նաև փաստել է, որ 2026 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ դադարեցվել է 22 հազար 707 ընտանիքի սոցիալական նպաստի տրամադրումը։

Նա նշել է, որ նպաստառու 40 հազար 225 ընտանիքների վերստուգման արդյունքում պարզվել է, որ նրանց 56,4%-ը սոցիալական օգնություն ստանալու անհրաժեշտություն չի ունեցել։ Ըստ Կոբախիձեի՝ խնայված գումարը կազմել է 54,7 միլիոն լարի։

Այս տվյալները վարչապետը ներկայացրել է որպես հակափաստարկ այն «շահարկումներին», թե «երկրում աղքատությունը եթե նվազում է, իսկ տնտեսությունն՝ աճում, ապա ինչո՞ւ է ավելացել սոցիալական նպաստ ստացողների թիվը»։

Գործընկերություն

Արտաքին հարաբերությունների առնչությամբ Կոբախիձեն նախ շեշտել է հարևան երկրներ կատարած այցերի կարևորությունը և նշել, որ «ուժեղացրել են համագործակցությունը» Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Նա առանձնահատուկ ընդգծել է Չինաստանի հետ ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և հավելել, որ 2025 թվականին «Վրաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 21%-ով»։

Այնուհետև նա անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որի հետ Վրաստանն այս փուլում այլևս չունի ռազմավարական գործընկերություն, և կրկնել է նախկինում բազմիցս հնչեցրած ուղերձը, որ «Վրացական երազանք»-ը պատրաստ է վերականգնել այդ գործընկերությունը «մաքուր էջից».

«Վերջին շրջանում զարգացող գործընթացները մեզ հույս են ներշնչում, որ այս ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Ես հետաքրքիր հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ»…

2024 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգները կասեցրեց Վրաստանի հետ բազմամյա ռազմավարական գործընկերությունը։ Ռազմավարական գործընկերության կասեցման որոշումը Պետդեպարտամենտը հայտարարեց 2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ այն բանից հետո, երբ դրանից երկու օր առաջ «Վրացական երազանք»-ի իշխանությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջն օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը, ինչի պատճառով երկրում սկսված բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառվեց։

Եվրամիության հետ հարաբերությունները Իրակլի Կոբախիձեն բնութագրել է «մարտահրավերներով լի» և ասել, որ Վրաստանն, այնուամենայնիվ, հետևողականորեն շարունակում է կատարել ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները։ Եվրամիության հետ հնարավոր ապագա հարաբերությունների մասին հավելյալ ոչինչ նա չի նշել։

Այլ թեմաներին ծանոթացեք ստորև.

Թոշակառուների թիվն աճել է 24 հազար 200-ով. Կոբախիձե

22 հազար 707 ընտանիքի սոցիալական օգնությունը դադարեցվել է. Իրակլի Կոբախիձե

2027-ին կսկսվի 200 դպրոցի շինվերականգնողական աշխատանքը