Վարձիայում քարաթափման պատճառով «գաղտնի թունելի» հատվածը փակ է

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը տեղեկություն է տարածել Վարձիայի թանգարան-արգելոցում քարաթափման վերաբերյալ, ըստ որի` կրկնակի քարաթափման վտանգը նվազագույն է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կսկսվեն թափված նյութերի հեռացումը, պաշտպանիչ ցանցերի տեղադրումը և վնասված ենթակառուցվածքների վերականգնումը։

Վարձիայի թանգարան-արգելոցի տարածքում որոշակի պարբերականությամբ քարաթափում է տեղի ունենում, քանի որ համալիրը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Քարաթափման կանխարգելման միջոցառումների շրջանակում բարձր ռիսկայնության հատվածներում Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը տեղադրել է պաշտպանիչ ցանցեր։ Տարածքը գտնվում է գործակալության համապատասխան մասնագետների մշտական հսկողության տակ։ Ընթացիկ տարում Վարձիայում,  «գաղտնի թունելի» հարակից հատվածում, քարաթափման ակտիվացած գործընթացը վնասել է հետիոտնային ճանապարհն ու պաշտպանիչ ճաղաշարը։ Թանգարան-արգելոցի աշխատակիցների և այցելուների անվտանգության ապահովման նպատակով նշված հատվածը ժամանակավոր փակվել է։

««Գաղտնի թունելի» հարակից տարածքի իրավիճակն ուսումնասիրել են գործակալության ներկայացուցիչները և Վրաստանի տեխնիկական համալսարանի երկրաբանները։ Վիճակի գնահատման արդյունքում սահմանվել է, որ կրկնակի քարաթափման վտանգը նվազագույն է, հետևաբար առաջիկա օրերին կսկսվեն թափված ապարների հեռացումը, պաշտպանիչ ցանցերի տեղադրումը և վնասված ճաղաշարերի վերականգնումը։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո այցելուների համար Վարձիայի ամբողջ տարածքում տեղաշարժը լիովին կվերականգնվի։ Նշենք, որ Վարձիան ազգային նշանակության կատեգորիայի մշակութային ժառանգության հուշարձան է, ուստի նմանատիպ ցանկացած միջամտություն/միջոցառում իրականացվում է միայն նախապես անցկացված հատուկ հետազոտությունների և համապատասխան մեթոդաբանության հիման վրա, ինչը որոշակի ժամանակ է պահանջում»,- նշված է հայտարարության մեջ։

Քաղաքացիները սոցիալական ցանցերում գրել են, որ շուրջ 4 ամիս է, ինչ Վարձիայում թունելների վերջնամասը անվտանգության նկատառումներով փակ է։