Նոր ուստարում կսկսի գործել շուրջ 30 նորակառույց և վերանորոգված դպրոց

Նոր ուսումնական տարում Վրաստանում կբացվի շուրջ 30 ամբողջությամբ վերանորոգված և նորակառույց դպրոց, «Ղիա էթերի» հաղորդման եթերում հայտնել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։

Նրա խոսքով՝ անցյալ տարի նոր ուսումնական տարում բացվել է շուրջ 60 նման դպրոց։

Ըստ նախարարի՝ դպրոցական ենթակառուցվածքը հիմնական մարտահրավերներից մեկն է, քանի որ անկախության վերականգնումից ի վեր, բացառությամբ վերջին երեք տարիների, ենթակառուցվածքների մասշտաբային թարմացում փաստացի չի իրականացվել։

«Ուզում եմ ձեզ ասել, որ անկախության վերականգնումից հետո՝ երեք տասնամյակի ընթացքում, եթե հաշվի չառնենք վերջին երեք տարվա ժամանակահատվածը, ենթակառուցվածքները փաստացի չեն թարմացվել։ Նոր դպրոցների կառուցումը և ամբողջական վերականգնումը կարելի է մատների վրա հաշվել այս 30-32 տարվա ընթացքում։ Արդեն երեք տարի է, ինչ այս ամենն ակտիվորեն սկսվել է։

Գիտեք, որ դպրոցների քանակը բավականին մեծ է։ Ամբողջ երկրի մասշտաբով ունենք 2085 հանրային դպրոց։ Անշուշտ, արդեն այս երեք տարում մենք ունենք շոշափելի արդյունքներ, և ես եղել եմ բազմաթիվ մարզերում ու քաղաքներում։ Մարդիկ շատ ուրախ են, երջանիկ, երբ տեսնում են, թե ինչ չափանիշների, ինչպիսի թարմացված ենթակառուցվածք է։ Մեզ համար կարևոր է, որ առավելագույնս առողջ միջավայր լինի ոչ միայն աշակերտի, այլև ուսուցչի համար, քանի որ դա նրա մշտական աշխատավայրն է։ Նա պետք է սիրտ դնի այդ ամենի մեջ և սիրով գնա աշխատանքի։ Ուսուցիչն առանց դրա էլ սիրով է գնում դպրոց՝ երեխաների հետ շփվելու համար, բայց չէ՞ որ մենք պետք է նպաստենք այս գործընթացին»,- ասել է Գիվի Միքանաձեն։

Հիշեցնենք, որ 2009 թվականից դպրոցների վերականգնման պատասխանատուն Կրթության նախարարության «Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունն» էր։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից գործակալությունը լուծարվեց, և դպրոցների կառուցումն ու վերականգնումը դրվեց Ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։

Ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն 2025 թվականի հոկտեմբերի 29-ին խորհրդարանում հայտարարեց, որ նախարարությանը փոխանցվել է 77 դպրոցի նախագիծ։ Դրանցից 53 դպրոց պետք է կառուցվեր, 14 դպրոց վերականգնվեր, իսկ 10 դպրոց դեռևս նախագծման փուլում է։