Վառելիքի թանկացման հետևանքով ավելացել են տաքսի ծառայությունների սակագները

Վառելիքի թանկացման պատճառով Վրաստանում թանկացել է ոչ միայն միջքաղաքային ուղևորափոխադրումը, այլև տաքսի ծառայությունը։ Ընկերությունների գործընկեր վարորդներից ոմանք ասել են, որ տաքսիով երթևեկելու սակագինը ավելացել է մոտ 15%-ով։

«Տաքսի ծառայության գինը փոքր-ինչ ավելացել է։ Պատճառը, բնականաբար, վառելիքի արժեքն է։ Գինն աճել է մոտ 10-15%-ով»,- bm.ge-ի հետ զրույցում հայտնել է տաքսու վարորդներից մեկը։

Վառելիքի ծախսերը հաշվի առնելով՝ վարորդների վարձատրությունը վերանայել է նաև «Yandex»-ը։ Ըստ ընկերության գործընկերներից մեկի` եթե հաշվի չառնենք խցանումները, ուղևորության սակագինը գրեթե անփոփոխ է մնացել, բայց ավելացել է վարորդների վարձատրության տոկոսը։

«Սակագները գրեթե չեն բարձրացել, փոխարենը ընկերությունը հաշվի է առել իրավիճակը և մեր գումարն ավելացրել է մինչև 20-24%»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տաքսի ծառայության սակագինն ավելացրել էր նաև Bolt ընկերությունը` պաշտոնապես հայտարարելով, որ վառելիքի և ավտոմեքենայի սպասարկման ծախսերի աճի պատճառով սեպտեմբերի 18-ից ուղևորափոխադրման սակագները բոլոր կարգերում կավելանան 12%-ով։

Հատկանշական է, որ վերջին 2 ամսում Վրաստանում վառելիքը թանկացել է մոտ 20%-ով։ Այսօրվա դրությամբ բրենդային բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը հասնում է մինչև 3.90 լարիի, իսկ դիզելի արժեքը գերազանցում է 4.70 լարին։