Գուրիայում անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է տուժածի մորաքրոջ ամուսինը: Դեռահասի մայրը հանցագործության մասին երեկ՝ հուլիսի 27-ին, հայտնել է Ներքին գործերի նախարարությանը:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` երեխան ուժեղ ցավերի պատճառով զանգահարել է մորը և պատմել կատարվածի մասին:
Դեպքը տեղի է ունեցել երեկ գիշեր այն տանը, որտեղ 14-ամյա դեռահասը ապրում է իր 16-ամյա անչափահաս քրոջ հետ:
Տուժածի քույրը հանցագործության մասին հայտնել է երեխաների իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությանը: Հոգեբանական օգնության հետ մեկտեղ կազմակերպությունը մորը փաստաբան է տրամադրել:
Տղամարդը ձերբակալվել է: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ հետաքննում են բռնաբարության գործը, որը հանցագործություն է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով: Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում: