Դասղեկների աշխատավարձի բարձրացման պահանջով ստորագրահավաք է սկսվել

Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչները 2023 թվականը սկսել են նոր ստորագրահավաքով: Այսօր՝ հունվարի 5-ին, ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են բարձրացնել դասղեկների աշխատավարձը, հայտնում է EDU.ARIS.GE-ն:

Տեղեկության համաձայն, ստորագրահավաքը սկսել է առաջատար ուսուցչուհի Թամար Ցանավան, որը նաև ծննդաբերությունից հետո մայրության խնամքի արձակուրդ գնացող (դեկրետ) ուսուցիչների արձակուրդի վճարի բարձրացման ստորագրահավաքի հեղինակն է:

Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ հանրակրթական դպրոցների դասղեկների աշխատավարձը 80 լարի է։ Մինչդեռ երկրում ամեն ինչի գները աղետալիորեն բարձրացել են, այդ 80 լարին չի հերիքում անգամ երկու օրվա համար։

«Եթե ​​հաշվի առնենք, որ ծնողների հետ մշտական ​​շփումը դասղեկների անմիջական պարտականությունն է, ապա այս գումարի ամենամեծ մասը նրանց անհրաժեշտ է միայն հեռախոսային խոսակցությունների համար։ Կարևոր է նաև, որ որոշ դասղեկներ ապրում են դպրոցից հեռու, և բացի Թբիլիսիից, այլ քաղաքներ մեկնելու ուղեվարձը նրանց ձեռնտու չէ, ուստի ուսուցիչների վրա ճանապարհորդությունը բավականին թանկ է նստում։

Կարևոր է նաև, որ աշակերտների մեծ մասը դպրոցում հաճախ քաղցած է լինում (իրենց սոցիալական խնդիրների պատճառով), և դասղեկները ստիպված են լինում մի քանի անգամ երեխաների համար քաղցրավենիք գնել և տանել դպրոց, որպեսզի սոված աշակերտը գոնե կոնֆետ ուտի։ Ոչինչ չենք ասում ուսուցչի հոգեբանական վիճակի պատասխանատվության մասին, երբ նա դասարանում ունի 30-35 աշակերտ և յուրաքանչյուրի նկատմամբ մշտական ​​հոգատարության ու ուշադրության ռեժիմ ունի…»,- նշված է ստորագրահավաքի տեքստում:

Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ 2022 թվականի սեպտեմբերին ուսուցիչների խնդրանքով ստեղծված նախաձեռնող խումբն այս խնդիրը ներկայացրել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը (ԿԳՆ)։

«Նախարարությունից մեզ խոստացան, որ դա հաշվի կառնեն։ Եվ հիմա մենք միասին կոչ ենք անում կրթության և գիտության նախարարությանը, որ այս խնդիրը պետք է լուծվի, սա չի կարող հետաձգվել տարիներով։ Դասղեկների աշխատավարձն անպայման պետք է բարձրանա, քանի որ դասղեկի կրած ամենամեծ պատասխանատվությունը մեր օրերում իսկապես թերագնահատված է, և նա ավելի շատ գնահատանքի ու խրախուսանքի կարիք ունի»,- գրել է խնդրագրի հեղինակ Ցանավան: