Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում․ մեկնաբանում են փորձագետները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Այստեղ պլանավորված էր անցկացնել այս վեհաժողովը, որին ներկա էին նաև պատվիրակություն Ռուսաստանից, ավելին՝ վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը, ըստ վրացական կողմի՝ աբխազական պատերազմի մասնակից է։

Ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։

Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին, վերջինս երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Հատկանշական է, որ այս պահին երկրի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով հենց խորհրդարանի խոսնակի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վրաց գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում կատարվածը ևս անընդունելի է համարում։

«Այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է և մենք բոլորս դատապարտում ենք դա», ֊ ասում է Կակաբաձեն՝ պահանջելով խորհրդարանի խոսնակի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում։

Քաղաքագետ Լևան Լորթքիփանիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում անթույլատրելի է համարում Գավրիլովի՝ խորհրդարանի նախագահի աթոռին նստելու փաստը։

«Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին այն մարդու նստելը, որը Աբխազիայում կռվում էր Վրաստանի դեմ և Ռուսաստանի Դումայում ձայն է տվել օկուպացված տարածքների անկախության ճանաչման համար, անթույլատրելի է: Վրաստանի խորհրդարանի անդամներն ուղղակի սխալ թույլ չեն տվել: Սա անպատասխանատվություն էր, որն առանց խորհրդարանի ղեկավարների թույլտվության տեղի չէր ունենա: Հետևաբար, խորհրդարանի նախագահի կաբինետը պետք է հրաժարական տա, բոլորն անխտիր»,-ասում է Լորթքիփանիձեն:

Սակայն հատկանշական է, որ Հայաստանից հայացքը մի փոքր տարբերվում է։ Վրացագետ Ջոնի Մելիքյանն օրինակ կարծում է, որ հարևան երկրում տեղի ունեցողը զուտ ներքաղաքական վերադասավորումների փորձ է։

«Նախապես կարելի էր պատկերացնել, թե այդ մարդկանց ներկայությամբ ինչ կարող էր լինել, սակայն հարցն այն է, որ մի քանի նախադրյալներ կային այս իրադարձությունների համար․ հիշեցնենք, որ Վրաստանում այս օրերին անցկացվում է նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթը, որից առաջ տարատեսակ հայտարարութուններ եղան ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների կողմից։  Ներքաղաքական զարգացումները, ազգայնականների ակտիվ աշխատանքն ու նախաձեռնությունները ներքաղաքական ռադիկալացման են բերել ու իշխաննություններից էլ առկա դժգոհությունը գեներացնելով՝ որոշ ուժեր օգտագործեցին այս փաստը։ Սակայն այն, որ մեղադրվեց խորհրդարանի նախագահը, տեղի ունեցածը դատապարտեցին ներկա և նախկին վարչապետերը, վկայում է, որ մի բան այն չէ ու թերևս թիմի ներքին պայքարն է արտացոլվում»,-կարծում է Մելիքյանը։

Ըստ փորձագետի, եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, ապա խորհրդարանական հաջորդ ընտրությունները մյուս տարվա հոկտեմբերին են անցկացվելու, սակայն որոշները գիտեն, որ գալիք տարվա ընտրական ցուցակներում չեն լինելու, ուստի անելու են ամեն բան, որպեսզի ակտուալ լինել ու վերադառնան պառլամենտ, այդ պատճառով էլ, ըստ Մելիքյանի, օգտվում են առիթից ու ակտիվացնում են այդ գործընթացները։

Սակայն Մելիքյանը նաև մտավախություն ունի, որ այսպիսով Վրաստանը կարող է կրկին կորցնել Ռուսաստանին։

«Վրաստան այցելուների մեծ քանակը հենց Ռուսաստանի քաղաքացիներն են, արտաքին առևտրի համար մեկ շուկան Ռուսաստանն է և այսպիսի քայլերը, որոնք ի վերջո իշխող թիմի ձեռքբերումն էին, կարող են կորել այսպիսի անմտածված կամ կոնկրետ անձանց շահերից բխող գործողությունների պատճառով»,- կարծում է Մելիքյանը։