Լելա Մենաբդիշվիլի. Եթե բնական աճ չկա, ուրեմն` անհետացման եզրին ենք

 Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2024 թվականին, 2014 թվականի մարդահամարի համեմատ, բնակչության աճ, Թբիլիսիից բացի, արձանագրվել է միայն Աջարիայում (20.7%) և Քվեմո Քարթլիի տարածաշրջանում (4.2%): Մնացած բոլոր տարածաշրջաններում բնակչության թվի ցուցանիշը նվազել է։

«Եթե մեզանից յուրաքանչյուրը ջանք չներդնի այս գործում, ոչինչ չի ստացվի։ Ազգն արդեն ծերացած է, մենք կանգնած ենք աղետի առաջ։ Տարիներ առաջ անցկացված հետազոտության համաձայն՝ մենք այն տասը ազգերի թվում էինք, որոնք հասել էին անհետացման եզրին։ Դրանից հետո ժամանակ է անցել, և վիճակագրությունն էլ ավելի է վատացել։ Շատ ծանր իրավիճակում ենք։ Եթե բնական աճ չունենք, ուրեմն անհետացման եզրին ենք, այլ բացատրություն չկա։ Երկրում բնական աճի բացակայության արդեն երկու ալիք է արձանագրվել։ Եթե 13 տարի շարունակ բնական աճ չես ունենում, էլ ուրիշ ի՞նչ ասես։

Մենք չենք ունենա վրացի աշխատուժ, այլևս դպրոցների կարիք չենք ունենա, որովհետև բնակչությունը չի ավելանում, և երեխաներ ֆիզիկապես այլևս չկան։ Կրթության նախարարության տվյալներով՝ նախորդ ուսումնական տարում կար շուրջ 200 դպրոց, որտեղ ուղղակիորեն առաջին դասարանցիներ չեն եղել»,- «Բիզնեսպրեսնյուզ»-ի հետ զրույցում ասել է Իլիայի պետական համալսարանի Դեմոգրաֆիայի և սոցիոլոգիայի ինստիտուտի հետազոտող Լելա Մենաբդիշվիլին՝ անդրադառնալով 2024 թվականի համընդհանուր մարդահամարի տվյալներին։

Ըստ Մենաբդիշվիլիի` ժողովրդագրական տվյալների բարելավման համար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ ձեռնարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներգրավմամբ։