Սևծովյան ստորջրյա մալուխը` Եվրոպայի հետ կապի հաստատման նոր միջոց

Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը (Black Sea Submarine Cable Project)` պաշտոնապես այսպես է կոչվում, խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծ է, որը կմիացնի Վրաստանի և Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգերը։

Ծրագրի շրջանակներում, էլեկտրաէներգիայի մալուխին զուգահեռ, նախատեսվում է նաև օպտիկամանրաթելային մալուխի անցկացում, որը պետք է հզորացնի ինտերնետը Կովկասի և ԵՄ երկրների միջև։

Ինտերնետի սպառումը շատ արագ է աճում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում։ Ուստի կարևոր է ինտերնետ կապի նոր, լրացուցիչ կետերի ստեղծումը։ Ոլորտի փորձագետները կարծում են, որ Վրաստանը Ռումինիայի հետ կապող նոր օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխի կառուցումը երկրին հնարավորություն կտա թվային հանգույց դառնալ տարածաշրջանում։

Նախագծի վերաբերյալ

Ծրագրի նպատակն է կապել Հարավային Կովկասի տարածաշրջանը Հարավարևելյան Եվրոպայի հետ՝ էլեկտրաէներգիա տեղափոխող ստորջրյա մալուխի միջոցով։ Մալուխը կանցկացվի Սև ծովի հատակով և Վրաստանը կկապի Ռումինիայի հետ։ Նրա երկարությունը ավելի քան 1155 կմ է (1115 կմ ստորջրյա մալուխ և լրացուցիչ 40 կմ՝ ցամաքում)։ Այս լայնածավալ նախագծի իրականացումը կարևոր է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման Հարավային Կովկասի տարածաշրջանի ու Եվրամիության միջև տարանցիկ հնարավորությունների մեծացման տեսանկյունից:

Ինչպես «Ալիք Մեդիա»-ին հայտնում են «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունից, նախնական տվյալներով` մալուխային նախագծի ավարտն ու շահագործման հանձնումը նախատեսված են 2030 թվականին։ Այնուամենայնիվ, ստույգ ամսաթիվը պետք է որոշվի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումների, Սև ծովի հատակի և բնապահպանական ու սոցիալական գնահատումների ավարտից հետո:

Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացնում է «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» ԲԸ-ն՝ իտալական «CESI» խորհրդատվական ընկերության օգնությամբ։ Հետազոտությունը պետք է բացահայտի ծրագրի իրականացման գործնական հնարավորություններն ու լավագույն ուղիները: Հետազոտության շրջանակներում «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» ԲԸ-ն ակտիվորեն համագործակցում է ռումինական հաղորդման համակարգի օպերատորի՝ Transelectrica-ի հետ։

Ծրագրի իրականացումը կնպաստի Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և վերոնշյալ տարածաշրջանների միջև տարանցիկ հնարավորությունների ավելացմանը։ Ռազմավարական փոխկապակցման նախագիծը կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես Վրաստանի կառավարության և Եվրամիության միջև առկա օրակարգում, այնպես էլ «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգի»` ENTSO-E-ի հետ համագործակցության ձևաչափում։

Ո՞րն է Վրաստանի դերը սևծովյան ստորջրյա մալուխի նախագծում, և ի՞նչ կտա այս նախագիծը Վրաստանին

Սև ծովի հատակով անցնող էլեկտրահաղորդման մալուխը Վրաստանի (և Հարավային Կովկասի տարածաշրջանի) էներգահամակարգը կմիացնի Կենտրոնական Եվրոպայի սինխրոն գոտուն, ինչը երկրին հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի առևտուր իրականացնելու եվրոպական երկրների հետ։

Նաև նույն ծրագրի շրջանակներում տարածաշրջանի համար կարևոր է օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը, որը ծրագրի շրջանակներում անցկացվելու է էլեկտրահաղորդիչ մալուխին զուգահեռ, և որի միջոցով հնարավոր կլինի ինտերնետ կապ ստանալ եվրոպական երկրից:

Վրաստանը` թվային հանգույց

Ինտերնետի սպառումը շատ արագ է աճում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում։ Ուստի կարևոր է ինտերնետ կապի նոր, լրացուցիչ կետերի ստեղծումը։

«Վրաստանում ինտերնետի հետ կապված շատ մեծ ընդհատումներ կան, ինչը նշանակում է, որ Վրաստանը և, կարծում եմ, Հայաստանը` նույնպես, լրացուցիչ կապի կարիք ունեն։ Նոր մալուխն այլընտրանք կլինի տարածաշրջանի, ինչպես նաև Վրաստանի համար»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Վրաստանի Փոքր և միջին հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրին։

Բացի այդ, ոլորտի փորձագետները կարծում են, որ Վրաստանը Ռումինիային միացնող նոր օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխի կառուցումը հնարավորություն կտա երկրին դառնալու տարածաշրջանում թվային հանգույց:

Ուչա Սեթուրին կենտրոնանում է ռեսուրսների դիվերսիֆիկացման վրա: Նրա խոսքով, կարևոր է, որ Ռուսաստանի հետ կապերը հնարավորինս կրճատվեն, և տարանցումը, որն անցնում էր հյուսիսային հարևանի տարածքով, տեղափոխվի Վրաստան։

«Մենք ասում ենք, որ մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ինտերնետ-թրաֆիկ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը», — ասում է Ուչա Սեթուրին։

Վրաստանի կապի հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրին 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի  (Ֆիքսված լայնաշերտ ինտերնետը գերարագ և շարունակական ինտերնետ կապ է, որը թույլ է տալիս ստանալ ծառայություններ, որոնք հասանելի չեն ինտերնետ ցանցին ցածր արագությամբ միացումով) բաժանորդների թիվը 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել է 70,6 հազարով, հատել է մեկ միլիոնը և կազմել 1 080 000։ Նաև ֆիքսված ինտերնետը հասանելի է Վրաստանի 3385 գյուղից 2510 գյուղում։

Թվային կյանքի որակի զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանի դիրքերը բարելավվել են և 121 երկրների շարքում 67-րդ տեղից տեղափոխվել են 65-րդ։ Սա 2 քայլ բարելավում է: Կովկասի տարածաշրջանում Վրաստանն առաջ է անցել Հայաստանից և Ադրբեջանից, սակայն իրավիճակը ավելի լավ է հարևան մյուս երկրներում, օրինակ` Ռուսաստանում, Թուրքիայում և Ուկրաինայում։

Նշված ցուցանիշը գնահատվում է 5 ցուցանիշների մակարդակով՝ ինտերնետ հասանելիություն, ինտերնետ, էլեկտրոնային ենթակառուցվածք, կիբերանվտանգություն և պետական ​​ծառայությունների թվայնացում։ Վրաստանը կիբերանվտանգության առումով համեմատաբար լավ իրավիճակ ունի, սակայն ինտերնետի որակի հետ կապված ցուցանիշը ցածր է։

Վրաստանի փոքր և միջին հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրին ասում է, որ երկրի ինտերնետ կապը հարևան երկրների հետ լիովին օգտագործվում է։

«Եվրոպայի հետ մեր կապը Փոթի-Վառնա ուղղությամբ է։ Մենք կապ ունենք նաև մեր օկուպացիոն հարևանի հետ Փոթի-Նովոռոսիյսկով։ Մենք երկու տեղով կապեր ունենք Ադրբեջանի հետ, ևս երկու տեղով՝ Հայաստանի հետ, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ կապն անցնում է Սարփիով և Վալեով», — ասում է Ուչա Սեթուրին։

Հարկ է նշել նաև, որ էլեկտրահաղորդման միացման ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է նաև օպտիկամանրաթելային միացում։ Էլեկտրական մալուխի և հաղորդման կայանների կառավարման և շահագործման համար, որոնք կկազմակերպվեն հոսանքի մալուխի երկու կողմերում՝ վրացական և ռումինական կողմից, անհրաժեշտ է արագ հաղորդակցություն։ Սրա մասին «Ալիք մեդիա»-ին հայտնում են «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» ԲԸ-ից։

Վերոնշյալ նպատակին սպասարկելու է օպտիկամանրաթելային կապը, որը մաս է կազմելու Սևծովյան սուզանավային մալուխի նախագծին։ Դրա միջոցով կավելանա լայնաշերտ տվյալների թրաֆիկը, և դա կնպաստի հեռահաղորդակցության գների նվազմանն ինչպես Վրաստանում, այնպես էլ` Հարավային Կովկասում։

Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծում ներգրավված երկրները

2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում տեղի ունեցավ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Եվրամիության ղեկավարների հանդիպումը՝ նվիրված «կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման գործում ռազմավարական համագործակցությանը»։ Հանդիպմանը ստորագրվել է քառակողմ համագործակցության համաձայնագիր «Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին», որի կարևոր մասերից է նշված երկրների պատրաստակամությունը՝ համագործակցելու Սևծովյան սուզանավային մալուխի միջպետական ​​նախագծի իրականացման գործում։

Վրաստանի և Ռումինիայի հետ նախագծին մասնակցում են Ադրբեջանն ու Հունգարիան։ Նախագծին աջակցում է նաև Եվրամիությունը։ Ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ, «նախագիծը բազմաթիվ խոստումներ է պարունակում։ Հիմա մեզ մնում է ապահովել էներգամատակարարումը և դեկարբոնիզացնել մեր տնտեսությունը»:

Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը Վրաստանի օրակարգում

Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը Վրաստանի բարձր մակարդակի այցերի և հանդիպումների օրակարգում է։ Նախագիծը քննարկվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Ադրբեջան կատարած այցի ժամանակ՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը նշել են նախագծի կարևորությունը և Վրաստանի դերն այս նախագծում։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին 2023 թվականի մարտին ասել էր, որ Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը Վրաստանին տվել է «նոր եվրոպական ուղղություն», ինչպես նաև «էականորեն» մեծացրել է երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Դարչիաշվիլին նշել է, որ այս նախագծի իրագործմամբ, որն ընդգրկված է «միացման» առաջատար նախագծերում, Վրաստանը կդառնա «հուսալի տարանցիկ երկիր», ինչպես նաև վերականգնվող էներգիայի արտահանող։ Նա ընդգծել է Արևմուտքի «երկակի շահագրգռվածությունը» Վրաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում, ներառյալ «Միջին միջանցքը», Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պայմաններում, ինչը «էապես մեծացրել է Եվրոպայի և Ասիայի միջև նոր կապերի կարևորությունը»:

Հայաստանի դերը

Վերլուծաբան Բենիամին Պողոսյանը Commonspace.eu-ի համար հոդվածում գրում է. «Հայաստանը մեծ ներուժ ունի ԵՄ-ում վերականգնվող էներգիայի արտահանող դառնալու համար: Հայաստանի մասնակցությունը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծին` կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը։ Դա կամրապնդի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, որն անհրաժեշտ է հարավում՝ Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար: Սա կամրապնդի ԵՄ դիրքն ու դերը տարածաշրջանում և լիովին համահունչ է Հարավային Կովկասի ԵՄ ընդհանուր ռազմավարությանը»:

2023 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելվեի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես ընդգծել է Հայաստանի՝ Սև ծովի ստորջրյա մալուխային ծրագրին միանալու կարևորությունը։

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է ամրապնդել տնտեսական կապերը Եվրոպական միության և Հայաստանի միջև՝ միաժամանակ օգտագործելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:

Նշվել է նաև, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսին է Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, և կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին։

Եվ վերջում…

Էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մասն է, որը ենթադրում է էներգակիրների տարբեր տեսակների մատակարարում բավարար քանակով, շարունակական և որակով` մատչելի գնով ապահովելու ազգային արժեքների և շահերի իրացումը:

Վրաստանի համար էներգետիկ անվտանգությունը հատուկ արդիականություն է ձեռք բերում բարդ և անկայուն արտաքին քաղաքական իրավիճակի ֆոնին, երբ մեծացել է էներգիան որպես քաղաքական ազդեցության և/կամ ճնշման լծակ օգտագործելու վտանգը։

Առանց էներգետիկ անվտանգության մարտահրավերների համապարփակ վերլուծության, մեծ է հավանականությունը, որ երկիրն անպատրաստ կլինի ապագա էներգետիկ սպառնալիքներին։