Երեկվա օրը համառոտ. մարտի 16

Մարտի 16-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 638 790-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 099 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 591 180։

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ այժմ համավարակի այսպես կոչված «մեղրամիսն» է։ Ըստ Չխաիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր Deltacron շտամի մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Երեկ՝ մարտի 16-ին, վերականգնվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը։ Վրաստանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ, դեռևս առկա են կուտակումներ, հերթեր, մեծաքանակ շարասյուներ, ակնկալվում էր՝ երեկոյան կուտակումների թեթևացում, իսկ այսօր ցերեկը, հավանաբար, հերթերը կվերանան։

CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե «Իրականությանը չի համապատասխանում այն, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել մեկնել Կիև և նյութատեխնիկական օգնություն է առաջարկում այցի համար։

«Ես կոչ եմ անում Սալոմե Զուրաբիշվիլիին ընդօրինակել Կիև ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Թռչել Լեհաստան, այնտեղից՝ Ուկրաինայի մայրաքաղաք։ Ես անձամբ պատրաստ եմ ուկրաինացիների հետ միասին ապահովել նրա ժամանման նյութատեխնիկական ապահովումը», — ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին և Մարկ Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները, Վրաստանի եվրաինտեգրման հարցը և երկկողմ հարաբերությունները։ Ըստ տեղեկության՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ասոցացված եռյակի՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության դիմումներին և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման գործում Վրաստանի արձանագրած առաջընթացին։ Մանրամասն՝ այստեղ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Յանի հետ։ Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկվել են տարբեր ոլորտներում Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական և ներդրումային հարաբերություններին։

Երեկ՝ մարտի 16-ին, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։ Նրա խոսքով ընդդիմությունը վերջին օրերին ակտիվ ներգրավված է սադրիչ ակցիաներում, «Ազգային շարժման» նպատակն է, որ Վրաստանի կառավարությունը և վրաց ժողովուրդը ընդունեն վտանգավոր որոշումներ և երկիրը ներքաշեն պատերազմի մեջ։

«Վրաստանի վարչապետը մինչ այժմ ոչ միայն չի այցելել Ուկրաինա, այլ նաև, որքան ես գիտեմ, վարչապետի և Զելենսկիի միջև նույնիսկ հեռախոսազրույց չի տեղի ունեցել»,- այս մասին ասել է ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին՝ այսպիսով արձագանքելով Ուկրաինայի նախագահի կոչին առ այն, որ այժմ Ուկրաինա պետք է ժամանեն բարեկամ երկրների ղեկավարները։ Ըստ Սամադաշվիլիի՝ Վրաստանի կառավարությունը պետք է լիներ առաջինը, որ նման այցով կգնար Ուկրաինա։ Սամադաշվիլիի խոսքով՝ «իրենք վաղուց կոչ են անում Վրաստանի իշխանություններին մեկնել Ուկրաինա»։

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի չորրորդ ռուսական ռազմաբազայից զինտեխնիկա ու պայմանագրային զինծառայողներ են ուղարկվում Ուկրաինա։ Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը պաշտոնապես չի հաստատել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը, սակայն ընդդիմությունն ու տեղի բնակչությունը հաստատել են։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից մայրաքաղաքի մանկապարտեզները կկարողանան ընդունել Թբիլիսիում գտնվող ուկրաինացի երեխաներին։ Ըստ Կալաձեի՝ նրանց համար մուտքն անվճար է նաև մայրաքաղաքի մարզական ենթակառուցվածքներ, լողավազաններ, արվեստի դպրոցներ և թանգարաններ։

Թբիլիսիի քաղաքապետարանն արգելում է փողոցային առևտուրը Սամգորի մետրոյի մոտ՝ Նավթլուղի շուկայի հարակից տարածքում։ Քաղաքապետը նշել է, որ մետրոյի բոլոր կայարանների շրջակայքում կարգելվի փողոցային առևտուրը։

Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։  Խոպերիայի խոսքով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է․ «այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև ամսվա վերջ»։

Վրաստանի ազգային վիճակագրական վարչությունը (Geostat) հրապարակել է 2021 թվականի ներքին զբոսաշրջության վերաբերյալ տվյալները։ Անցած տարի 15 տարեկանից բարձր զբոսաշրջիկների միջին թիվը ամսական հասել է 1,245,100-ի։ Ըստ Geostat-ի՝ զբոսաշրջիկների ամենանախընտրելի վայրեր են Թբիլիսին, Իմերեթին և Աջարիան։

Շվեդական ամենահայտնի բանկերից մեկը՝ Handelsbanken-ը սահմանափակում է Հայաստանի և Վրաստանի հետ գումարային փոխանցումները։ Նման որոշում կայացնելու պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմն է ու դրա շուրջ զարգացումները։ Մասնավորապես՝ բանկը լրատվամիջոցներին հայտնել է, որ հնարավոր է բանկային փոխանցումները և շվեդական բանկից ստացված գումարը փոխանցվի Ռուսաստան, որի դեմ Արևմուտքը իրականցնում է պատժամիջոցներ, դա է հիմնական պատճառը, ավելին՝ այստեղ։

Եվ վերջում՝ մարտի 16-ի առքուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,96 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2274 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,02 թեթրիով, ինչի արդյունքում 1 եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5431 լարի։