«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին առանձնազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
Հաղորդագրության համաձայն՝ Կղավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը՝ որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակներից մեկը, շահագրգռված է Արևմտյան Բալկանների տարածաշրջանի հետ գործընկերության ընդլայնմամբ, ինչը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ու լոգիստիկ կապերի զարգացմանը։
«Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին նշել է, որ ընդհանուր մշակութային ինքնությունը և երկու պետությունների առջև ծառացած համալիր մարտահրավերները ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և միջազգային ասպարեզում միմյանց դիրքորոշումներին աջակցելու համար։
Նա հատկապես ընդգծել է երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների ակտիվացած դինամիկան։ Նշվել է, որ Վրաստանի նախագահի 2025 թվականի դեկտեմբերին Բելգրադ կատարած այցը առաջինն էր նախագահի մակարդակով, իսկ այսօր նախագահ Ալեքսանդր Վուչիչը պաշտոնական այցի շրջանակներում առաջին անգամ է հյուրընկալվում Թբիլիսիում, ինչը Վրաստան-Սերբիա գործընկերությանն ու երկկողմ երկխոսությանը որակապես նոր ազդակ կհաղորդի։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացները, նաև ուշադրություն են հրավիրել գլոբալ խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման կարևորության վրա։ Հնչել է, որ միջազգային կարգի և ուժերի հավասարակշռության հիմնարար փոխակերպության ֆոնին երկու տարածաշրջաններում էլ կայունության ու խաղաղության պահպանումն առանձնակի արդիականություն է ստանում։
Վրաստանի նախագահը շեշտել է, որ Վրաստանը՝ որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակներից մեկը, շահագրգռված է Արևմտյան Բալկանների տարածաշրջանի հետ գործընկերության ընդլայնմամբ, ինչը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ու լոգիստիկ կապերի զարգացմանը։
Հանդիպմանը ևս մեկ անգամ նա վերահաստատել է, որ Վրաստանի իշխանությունների որդեգրած խաղաղության, կայունության և տնտեսական բարօրության վեկտորն անշրջելի է, ինչի վկայությունն է նաև Հարավային Կովկասում երկրի ավանդական խաղաղարար քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հասնելուն և հարևան պետությունների միջև փոխվստահության խորացմանը։
Վրաստանի նախագահը Սերբիայի Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը հաստատակամորեն աջակցելու համար։ Հանդիպման ավարտից հետո նախագահ Ալեքսանդր Վուչիչը Օրբելիանիների պալատի պատվավոր հյուրերի գրքում հուշագրություն է թողել»,- ասված է հաղորդագրության մեջ։