2025 թվականին Վրաստանում գործել է 232 հիվանդանոց։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մահճակալային ֆոնդը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.8%-ով և կազմել 15.2 հազար։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում երկրում գործել է 2318 ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն։ Նշված հաստատություններում գրանցվել է բժշկին դիմելու 16.8 միլիոն դեպք, ինչը 2024 թվականի համեմատ ավելի է 6%-ով։
Բժշկական հաստատություններում բժիշկների թիվը կազմել է 22.5 հազար, իսկ բուժքույրական անձնակազմի թիվը՝ 21.3 հազար։
2025 թվականի տվյալներով՝ առաջին անգամ սահմանված ախտորոշմամբ գրանցված հիվանդությունների թիվն ամենաշատն ավելացել է հետևյալ խմբերում․
Բնածին արատներ, ձևախախտումներ և քրոմոսոմային խանգարումներ – 14.2%,
Ուռուցքներ – 12.7%,
Հոգեկան և վարքային խանգարումներ – 10.6%,
Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդություններ – 8.9%․
Աչքի և նրա հավելումների հիվանդություններ – 6.8%։
Հիվանդացության հիմնական խմբերից բնակչության շրջանում ամենատարածվածն են եղել շնչառական համակարգի, աչքի և նրա հավելումների, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների, արյան շրջանառության համակարգի ու միզասեռական համակարգի հիվանդությունները։
Տվյալների համաձայն՝ 2025 թվականին գրանցվել է ՁԻԱՀ-ի 562 նոր դեպք, ինչը 2024 թվականի համեմատ նվազել է 53 դեպքով։ ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կազմել է 11 հազար 568, իսկ հիվանդության հետևանքով մահացել է 150 մարդ։
Տուբերկուլոզի նոր դեպքերի քանակը տարեկան կտրվածքով նվազել է 7.3%-ով, իսկ տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը նվազել է 12.9%-ով և կազմել 1142։
2025 թվականին շտապ բժշկական օգնության ծառայությունն առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերել մոտ 1.15 միլիոն մարդու։