Առանց ընդդիմության բարդ կլինի աշխատելը. Գախարիա

Առանց ընդդիմության աշխատելը բավականին բարդ կլինի՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որ այսօր ծառացած են երկրի առջև. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության առջև կառավարական ծրագիրը ներկայացնելիս:

Նրա խոսքով՝ 2021 թվականն էլ ծայրահեղ ծանր ու մարտահրավերներով լի տարի կլինի, ինչը կրկնապատկում է կառավարության, հատկապես խորհրդարանի պատասխանատվությունը:

«Խորհրդարանի, որը ցավոք դեռ առողջ ընդդիմություն չունի: Բոլորդ լավ գիտեք, որ առանց ընդդիմություն ստեղծված պայմաններում բավականին բարդ է լինելու աշխատելը, ինչպես գլոբալ պանդեմիայի, այնպես էլ տնտեսական ճգնաժամի և քաղաքական գործընթացի ֆոնին: Բոլորս պետք է լավ հասկանանք, որ մեր քաղաքացիներն ընտրություններին մասնակցելով մեծ պատասխանատվություն են պատվիրակել մեզ: Չնայած բոլոր բարդություններին ու խնդիրներին՝ բոլորս պետք է մտածենք արդյունավետության մասին»։

«Հանուն Եվրոպական պետության կառուցման». այսպես է կոչվում կառավարության առաջիկա 4 տարվա ծրագիրը, որն այսօր ու մոտ օրերի ընթացքում խորհրդարանում ներկայացնում են Վրաստանի կառավարոթյան ներկայացուցիչներն ու նախարարների թեկնածուները:

Գախարիան ծրագիրը ներկայացնելիս հավելել է, որ Վրաստանի երազանքն ու նպատակը 4 տարում ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալն է: