Եվրահանձնաժողովը վստահ չէ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցում

Եվրահանձնաժողովը Եվրամիությանը խորհուրդ կտա Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի դեպքում այնքան էլ համոզված չէ։ Այս մասին գրում է Politico.com-ը, որի աղբյուրները հունիսի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած բանավեճի մասին տեղեկացված պաշտոնյաներն են:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովում բանավեճին նախորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Կիև, որտեղ նախագահ Զելենսկին և այլ պաշտոնյաներ պահանջել են Ուկրաինային պաշտոնական կարգավիճակ շնորհել, ինչը, նրանց խոսքով, պատերազմող երկրի համար կարևոր քայլ կլինի։

Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային, ապա, Եվրահանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Մոլդովայի թեկնածուի կարգավիճակին, որն ունի խիստ եվրոպամետ կառավարություն, սակայն ավելի քիչ վստահ է Վրաստանի մասով, որը քաղաքական ցնցումներ է ապրել և ժողովրդավարության նկատելի անկում է գրանցել վերջին տարիներին։

Նշենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկը։ Վրաստանի կառավարությունը հարցաթերթի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։

Կարդացեք նաև՝

Աննա Ֆոտիգան կոչ է անում Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել