Ազգային պլատֆորմը չեղարկում է խորհրդարանի հետ ստորագրված հուշագիրը

Արևելյան գործընկերության «Վրաստանի ազգային պլատֆորմը», այսպես կոչված՝ «գործակալների մասին ռուսական օրենքի» վերադարձի պատճառով կասեցնում է Վրաստանի խորհրդարանի հետ ստորագրված հուշագիրը:

«Այսօր «Վրացական երազանքի» կողմից երկրի պետական ​​շահերի դեմ ուղղված օրենքի նախագծի նախաձեռնումը կտրում է մեր ճանապարհը թե՛ դեպի համագործակցություն, թե՛ դեպի եվրաինտեգրում։ Վրաստանի Ազգային պլատֆորմը կասեցնում է հուշագրի գործողությունը։ Մենք պահանջում ենք դադարեցնել Վրաստանի՝ դեպի արևմուտք շարժման սաբոտաժը»,- նշված է պլատֆորմի հայտարարության մեջ:

Մոտ 200 կազմակերպություններից բաղկացած հարթակը դիմել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և հայտնել, որ դեմ է հակաեվրոպական ռուսական քայլերին.

«Մեզ վիրավորում է իշխող կուսակցության կողմից հանրությանը տված խոստման դրժումը՝ չվերադառնալ գործակալների մասին օրենքին։ Իշխող թիմի նախաձեռնությամբ օրենքի նախագծի վերսկսումն անհամատեղելի է պետական ​​շահերի, մշակույթի և վրացական ավանդույթների հետ։ Խոստումը դրժելը, խոսքը հետ վերցնելը ռուսական քաղաքականության հատկանիշն է, որը Ռուսաստանը բազմիցս օգտագործել է քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում՝ Վրաստանի դեմ։ Դա կվնասի Վրաստանի և նրա յուրաքանչյուր քաղաքացու հեղինակությանը»:

Օրենքի նախագծի վերսկսումը, ըստ Պլատֆորմի, դեմ է եվրաինտեգրմանը, և դրա ընդունումը վերջնականապես կկործանի Վրաստանի բնակչության՝ Եվրամիության անդամ դառնալու պատմական նպատակը։ Կառավարող թիմից պահանջում են նորից հետ կանչել նախաձեռնած օրինագիծը. «Մենք ոչ մեկին թույլ չենք տա մեզ զրկել բազմաթիվ սերունդների պայքարով նվաճած եվրոպական ապագայից»:

Վրաստանի խորհրդարանի և Արևելյան գործընկերության «Վրաստանի ազգային պլատֆորմի» քաղաքացիական հասարակության ֆորումի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ նախքան Վրաստանի ԵՄ երկրի թեկնածուի կարգավիճակ ստանալը, այդպիսով, ըստ խորհրդարանի՝ կատարվել է ևս մեկ քայլ՝ Եվրոպական հանձնարարականի 10-րդ կետը կատարելու համար։ 

10-րդ հանձնարարականը նշանակում էր քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովում բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում: Հուշագրի ստորագրումը ԵՄ-ն դրական է գնահատել որպես քաղաքացիական հատվածի և օրենսդիր մարմնի համագործակցության օրինակ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը` կրկին և այս անգամ վերջնականապես ընդունել «գործակալների օրենքը»: Վարչապետը հայտարարել է, որ «ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ 

Վրաստանի մյուս միջազգային գործընկերներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: Նրանք կոչ են արել Վրաստանի խորհրդարանին մերժել օրենքը, որը վնասաբեր է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների առումով: Եվրամիությունը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերադարձը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: