Վաշինգտոնը, հավանաբար, պատժամիջոցներ կկիրառի Թբիլիսիի նկատմամբ

Ամերիկյան արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Էվելին Ֆարկասը չի բացառել, որ Վրաստանի խորհրդարանում «ռուսական օրենքի» ընդունման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել:

Վրաստանյան Accent լրատվամիջոցին տված հարցազրույցում Ֆարկասն ասել է՝ օրենքի ընդունումը միայն խթան կլինի արագ որոշում կայացնելու համար

«Ես ենթադրում եմ, որ պատժամիջոցները միանշանակ կկիրառվեն, եթե Վրաստանն ընդունի այս օրենքը: Ամեն դեպքում, Վրաստանն արդեն խախտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և այս համատեքստում ես պատկերացնում եմ, որ ԱՄՆ կառավարությունն արդեն քննարկում է պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսական և նյութական օգնություն են ցուցաբերում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցելու համար: Սա (օրենքի ընդունումը) միայն խթան կլինի արագ որոշումներ կայացնելու համար»,- ասել է Ֆարկասը:

Ապրիլի 8-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ եթե օրինագիծը հաստատվի, ապա այդ քայլը կհեռացնի Վրաստանին եվրոպական ճանապարհից։ Նա, սակայն, նշել է, որ դեռ չի խոսել այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ը, եթե օրինագիծը հաստատվի։

Լրագրողի ճշտող հարցին՝ խոսքն օրինագիծը սատարող պատգամավորների նկատմամբ պատժամիջոց կիրառելո՞ւ մասին է, Միլլերն այսպես է պատասխանել. «Սա ազդանշան է, որ մեզ մտահոգում է օրինագիծը, իսկ թե ինչ կարող ենք անել, եթե գործընթացն առաջ գնա, սպասենք. այսօր ասելիք չունեմ»:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները